среда, 9 сентября 2009 г.

ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉԲԱՌ

Ով և երբ է ստեղծել

Հայտնի է ՀԱՅԿԱԿԱՆ խաչբառի հեղինակը: Դա «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանն է: Հայտնի է նաև խաչբառի ծննդյան օրը: Այն ճշտիվ համընկնում է շաբաթաթերթի ծննդյան օրվան, քանի որ առաջին հայկական խաչբառը լույս է տեսել «9-րդ հրաշալիքի» 1-ին համարում 1994 թ. հոկտեմբերի 20-ին: Այդ օրվանից մինչև այսօր հայկական խաչբառը և «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթն անբաժան են, քանի որ թերթի յուրաքանչյուր համարում պարտադիր կերպով տպագրվում է այդպիսի խաչբառ: «Հայկական» անվանման տակ առաջին անգամ խաչբառը լույս է տեսել թերթի 20-րդ համարում (1997 թ., ապրիլ):
Գոյություն ունեն խաչբառի այլ տեսակներ ևս. հունգարական, ամերիկյան, սովորական, ճերմակ և այլն: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր կանոնները, առանձնահատկությունները, սահմանափակումները: Սրանց շարքում հայկական խաչբառը ամենաընդգրկուն, ամենաբազմազան և կազմողին ամենաշատ հնարավորություններ ընձեռող տեսակն է: Ի տարբերություն մնացած բոլոր տեսակների` այստեղ հարցադրման համար կարելի է օգտագործել տվյալ լեզվում հայտնի բոլոր բառերը, անկախ նրանից, թե դրանք գոյական են, բայ, ձայնարկություն, թե մի այլ խոսքի մաս, բառի ուղիղ ձև են, թե հոլովված կամ խոնարհված բառաձևեր: Այսինքն` այս խաչբառում լեզվի բոլոր բառերն ու բառաձևերը իրավահավասար են:
Պատասխանների ծածկագրման համար այստեղ ընդունելի է ցանկացած հնարք` բացատրություն, հոմանիշ, հականիշ, նկարելուկ, բառքամոցի, հանելուկ, նկար, տրամաբանական խնդիր, մեջբերում, բառախաղ, օրինաչափություն, գաղտնագիր և այլն, և այլն: Հայկական խաչբառում կարող են օգտագործվել նաև խաչբառի` վերը հիշատակված տեսակները:
Այսինքն` հայկական խաչբառը միաժամանակ տալիս է մնացած բոլոր տեսակների գրավչությունը, դրանց ավելացնում իր անկրկնելի դիտարժանությունն ու հմայքը, և մտքի աշխատանք ու մայրենի լեզուն սիրող ընթերցողին հուզմունքի ու լարված ուշադրության մեջ պահում մինչև վերջին հարցի պատասխանը գտնելը:
Հայկական խաչբառի միակ թերությունն այն է, որ միևնույն վերնագրի տակ տարբեր հարցեր խմբավորելու հետևանքով հնարավոր չէ բոլոր հարցերը տալ նրանց համարների աճման կարգով, և ընթերցողը միանգամից չի գտնում փնտրվող համարը: Սակայն շաբաթաթերթում աստիճանաբար հասել ենք նրան, որ այժմ հարցերի համարները տեքստում շատ աչքի ընկնող են, և ընթերցողի համար դրանք գտնելու դժվարությունը հասցված է նվազագույնի:
Այն ընթերցողների համար, ովքեր կփորձեն կազմել հայկական խաչբառ, նշենք, որ հարցադրումների համար նախ կիրառվում են բոլոր հնարավոր հնարքները, և միայն դրանից հետո մնացած բառերի համար կիրառվում է սովորական խաչբառերի համար ընդունված բացատրական ձևը:
Հայկական խաչբառում միակ սահմանափակումը վերաբերում է հատուկ անուններին: Պետք է խուսափել դրանք «Բառքամոցի», «Բառագումար» ու մի քանի այլ բաժիններում կիրառելուց, որտեղ բառերը սովորաբար մասնատվում են կամ փոփոխվում, իսկ այդ հանգամանքը կարծես թե այնքան էլ չի պատշաճում հատուկ անուններին: Այդ բաժինների փոխարեն հատուկ անունները կարելի է կիրառել «Բացատրական», «Օրինաչափություն», «Գրական», «Պատմական», «Աշխարհագրական» և նման բաժիններում:
Հայկական խաչբառի օրինակներ կան «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի յուրաքանչյուր համարում: Եթե կազմում եք հայկական խաչբառ, կարող եք ներկայացնել «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի խմբագրություն` Երևան, Գր. Լուսավորչի, 15 հասցեով, կամ ուղարկել էլ. փոստի 9@horizonner.com հասցեով:
ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ

четверг, 9 июля 2009 г.

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«9-րդ ՀՐԱՇԱԼԻՔԸ» հայկական լեզվաբանական, մշակութային, զվարճալի, ժամանցային շաբաթաթերթ է։ Հիմնադրվել է 1994 թվականին։ Հիմնադիր և հրատարակիչ` «9-րդ ՀՐԱՇԱԼԻՔ» ՍՊԸ։ Տպաքանակը` 3000 օրինակ։ Մինչև այսօր լույս է տեսել 550 համար։ Թերթի կարգախոսն է Մուշեղ Իշխանի հետևյալ միտքը. «Հայ լեզուն տունն է հայուն»։ Թերթում մշտապես անցկացվում են մրցույթներ, խաղարկվում են մրցանակներ` առաջադրանքները ճիշտ լուծողների միջև։
Խմբագրության հասցեն` ք. Երևան, Գր. Լուսավորչի փող., 15 շենք, 3-րդ հարկ: Հեռ.` +37410 589299: Կայքը` www.horizonner.com:

Պատմություն

Լույս է տեսնում 1994 թ. հոկտեմբերից։ Թերթը հիմնադրել է Վաչագան Սարգսյանը, որը թերթի անփոփոխ գլխավոր խմբագիրն է։ Սկզբնական շրջանում թերթում տպագրվում էին բացառապես խաչբառեր, գլուխկոտրուկներ, խաղեր և նմանատիպ այլ նյութեր։ Հետագայում «9-րդ ՀՐԱՇԱԼԻՔՈՒՄ» սկսեցին հրապարակվել այլ նյութեր ևս` լեզվաբանական, երգիծական, վերլուծական, հրապարակախոսական հոդվածներ, գրական ստեղծագործություններ և այլն։ «9-րդ ՀՐԱՇԱԼԻՔ» շաբաթաթերթը սկզբնական փուլում պատրաստվում էր գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանի և Հայկ Սարգսյանի ուժերով։ Տարիների ընթացքում խմբագրակազմն ընդլայնվեց, այնտեղ սկսեցին աշխատել խմբագիրներ Հրանտ Վարդանյանն ու Արտաշես Թադևոսյանը, էջադրողներ Լիանա Ավագյանը, Հեղինե Ասլանյանը, Ալեն Խանբեկյանը, համակարգչային բաժնի աշխատող Նարինե Գևորգյանը, գրական աշխատող Անահիտ Խաչատրյանը, տնօրեն Հովհաննես Սարգսյանը։ Թերթի գլխավոր հաշվապահն է Ռաֆիկ Ասլանյանը։ 1998-2001 թթ. «9-րդ ՀՐԱՇԱԼԻՔ» ՍՊԸ-ն հրատարակում էր նույն ուղղվածության ռուսերեն "9-ое чудо" թերթը, որի առաջին գլխավոր խմբագիրը Շիրակ Էլբակյանն էր։ 1999-2001 թթ. "9-ое чудо" թերթի գլխավոր խմբագիրը Արտաշես Թադևոսյանն էր։

Մշտական խորագրերը

  • Հայերենը ափի մեջ
  • Սխալ և ճիշտ (ներկայացվում են հանրապետության մամուլից և այլ լրատվամիջոցներից քաղված լեզվական աղավաղումներ, բերվում են դրանց մեկնաբանություններն ու ճիշտ ձևերը)
  • Օտարները և մենք հայերի մասին
  • Զարմանահրաշ իննյակ (ներկայացվում են անսովոր փաստեր, տվյալներ տարբեր բնագավառներից)
  • Հայկական ասույթների հանրագիտարան (ներկայացվում են հայ հեղինակների ստեղծագործություններից քաղված ասույթներ, որոնք հետագայում պետք է հրատարակվեն առանձին գրքով)
  • Խնդուկներ (անեկդոտներ)
  • Ծիծաղի ասուլիս (ներկայացվում են երգիծական մանրապատումներ, ժպիտներ, հումորեսկներ, իրական կյանքից վերցրած միջադեպեր, փշոտ մտքեր և այլն)
  • Խճանկար
  • Աշխարհագրական ստուգաբանություն (ներկայացվում են աշխարհագրական տարբեր օբյեկտների անվանումների ծագման ստուգաբանությունները)
  • Ստեղծագործում են մեր ընթերցողները և երիտասարդները
  • Մարդը սխալական է (ներկայացվում են այնպիսի մոլորություններ, որոնց թվացյալ ճշմարտացիությունն ընդունել ենք առանց կասկածի)
  • Քչերին է հայտնի... (ներկայացվում են տարբեր երկրներում գործունեություն ծավալած հայ գործիչներ, որոնք մեծ ավանդ են ունեցել տվյալ երկրի և համաշխարհային մշակույթում, պատմության, քաղաքականության, սպորտի, գործարարության մեջ և այլ բնագավառներում)
  • «9-րդ հրաշալիքի» տեղեկատու (ներկայացվում են զանազան տեղեկություններ տարբեր բնագավառներից` ցանկերի տեսքով, օրինակ` Ամենայն հայոց կաթողիկոսներ, Հայոց արքաներ, Հայաստանի թռչուններ, բույսեր, գետեր, լեռներ, օտարազգի հայագետներ, խաղողի տեսակներ և այլն)
  • Մանկական էջ (ներկայացվում են երեխաներին ուղղված բազմաբնույթ նյութեր` պատմվածքներ, բանաստեղծություններ, հանելուկներ, խաչբառեր, գլուխկոտրուկներ, խաղիկներ, խնդիրներ և այլն։
  • - Խոսում են երեխաները (ներկայացվում են փոքրիկների սրամիտ, միամիտ, անմիջական խոսքերը)
  • - Ստեղծագործում են երեխաները
  • Հայկական խաչբառ (սա «9-րդ հրաշալիքի» հեղինակային խաչբառն է, որի հեղինակը գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանն է։ Հայկական խաչբառ կա թերթի յուրաքանչյուր համարում)
  • Նկարելուկներ (սրանք նույն ռեբուսներն են։ Յուրաքանչյուր համարում կարելի է գտնել նկարելուկային առնվազն երկու առաջադրանք)
  • Ճապոնական նկարչություն
  • Բազմազան մրցանակային խաչբառեր, գլուխկոտրուկներ, խաղեր և այլն

Մշտական հեղինակները

  • Վաչագան Ա. Սարգսյան (հրապարակախոսական, լեզվաբանական հոդվածներ, չափածո և արձակ ստեղծագործություններ, հայկական և այլ խաչբառեր)
  • Արտաշես Թադևոսյան («Զարմանահրաշ իննյակ», «Մարդը սխալական է» խորագրեր, խաչբառեր, գլուխկոտրուկներ, նկարելուկներ)
  • Հրանտ Վարդանյան (նյութեր, բազմազան խաչբառեր)
  • Արա Դիլանյան (նյութեր, բազմազան խաչբառեր)
  • Սոս Ազիզյան (հումորային, երգիծական նյութեր)
  • Հրանտ Հորիզոն (Ղազարյան) (հումորային, երգիծական նյութեր)
  • Գուրգեն Լոռեցի (Բալայան) (հումորային, երգիծական նյութեր)
  • Յուրի Ազիզյան (խաչբառեր, ասույթներ)
  • Էդգար Հարությունյան (խաչբառեր)
  • Էդգար Բազինյան (խաչբառեր)
  • Հակոբ Մանուկյան (խաչբառեր)
  • Սուրեն Մարտիրոսյան (նյութեր, խաչբառեր)
  • Գայանե Աթանյան (չափածո և արձակ ստեղծագործություններ)
  • Գրիգոր Գևունց (Գևորգյան) (չափածո և արձակ ստեղծագործություններ, հումորային, երգիծական նյութեր)
  • Յուրիկ Զալինյան (բազմազան խաչբառեր)





четверг, 11 июня 2009 г.

Բարի գալուստ «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի բլոգ: Մեր էջում պարբերաբար կտեղադրվեն շաբաթաթերթի լավագույն նյութերը: Կարող եք քննարկել, մեկնաբանել դրանք: Կանցկացնենք հարցումներ, կկազմակերպենք մրցույթներ, կխաղարկենք մրցանակներ: Մեր էջում կլինեն քննարկումներ տարբեր թեմաներով, որոնք հետագայում կարող են տպագրվել «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթում: